Այս տարվա ինն ամսում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից  պետական բյուջե է վճարվել  շուրջ 1 տրլն 267 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 17% է։ Ընդհանուր առմամբ, փորձագիտական դաշտում կարծում են, որ խոշոր հարկատուների ցանկը տնտեսության ուղիղ արտացոլումն է։ Խոշոր հարկատուների ցանկում նաև նոր ընկերություններ կան։ Առաջին հարյուրյակում երկու նոր ընկերություն նույնպես կա։

Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում կառուցվածքային փոփոխություններն ակնհայտ են։ Արդյունաբերական ընկերություններն իրենց դիրքերը զիջում են առևտրի ու բանկային համակարգի կազմակերպություններին։  Փորձագիտական դաշտում փոփոխությունները ռուս–ուկրաինական պատերազմով ու դրա հետևանքով Հայաստան եկած այցելուներով են պայմանավորում։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ կառուցվածքային փոփոխությունները տարեսկզբից արդեն նկատելի էին․

«Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)՝ 52.4 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության կողմից վճարվող հարկերը նվազել են շուրջ 2.5 անգամ: 2022–ին հարկերի վճարման ծավալը զգալի աճ էր գրանցել։ Հիմքում ընկած էին 2021–ի շահութահարկն ու ռոյալթիները, 2022–ի կանխավճարներն ու հարկային համալիր ստուգման արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամը։ Հարկային մուտքերի նվազման վրա ազդեցություն են ունեցել պղնձի շուկայում գների անկումը, դրամի արժևորումն ու այլ գործոններ»։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝ համապատասխանաբար 39.5 և ավելի քան 31 մլրդ դրամ վճարած հարկերի ծավալով։

Խոշոր հարկատուների ցանկում զգալիորեն ավելացել է ֆինանսաբանկային հատվածի դերը։ Ամենամեծ աճը արձանագրած հարկատուների տասնյակում 4–ը այս ոլորտից են։ Բարձր ակտիվություն է նաև բանկային հատվածի ընկերությունների մոտ։ 2022–ին բարձր արտարժութային հոսքերը իրենց ազդեցությունն ունեցան խոշոր հարկատուների ցանկում․

«Առևտրային բանկերից 17 –ը ներառված են ցանկում։ 15–ն առաջին հարյուրյակում են։ Բանկային համակարգի մասնաբաժինը մեկ տարում 4․3 տոկոսից հասել է 8․8 տոկոսի»։

Վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար են նաև տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները։ Այստեղ իր դերն ունի և վերարատահանումը, և վաճառքի ավելացումը՝ արձանագրում է փորձագետը․

«Նախորդ տարվա համեմատ վճարած հարկերի ցուցանիշով առաջատար են  «Մոբայլ Սենթր Արթ»-ն ու «Փրիթի Ուեյ» ընկերությունները։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում դիտարկվող ընկերությունները տոների կապակցությամբ մեծ զեղչեր ու խաղարկություններ կկազմակերպվեն։ Սա իր ուղղակի ազդեցությունը կունենա խոշոր հարկատուների տարեկան ցանկում»։

Խոշոր հարկատուների ցանկում նաև նոր ընկերություններ կան։ Առաջին հարյուրյակում երկու նոր ընկերություն կա՝ «Նեվիս» և «ԿԵՀ Արմենիա»։ Առաջին հարյուր հարկատուների վճարած հարկերի ծավալը 10 տոկոս է, վերջին հարյուրյակինը՝ 30 տոկոս՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը․

«Ցանկի վերջնամասում գտնվող ընկերությունները վճարած հարկերի ծավալով ավելի շատ հարկ են վճարել՝ 2022–ի համեմատ, քան առաջին հարյուրյակում ներառված ընկերություններն են։ ։ Առաջին հարյուրյակի ընկերություններն այս տարի 710 մլրդ դրամ են վճարել, անցյալ տարի՝ 650 մլրդ դրամ։ Վերջին հարյուրյակում գտնվող ընկերությունները՝ 26 մլրդ դրամ, անցյալ տարի 20 մլրդ դրամ էլ չէին վճարել»։

240 հարկատու այս տարի 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել, անցյալ տարի նրանց թիվը 188 էր։ Հարկատուների մոտ կեսը 500 մլն դրամ և ավելի հարկեր է վճարել, անցյալ տարի նրանց թիվը 380 էր, ասում է Քթոյանը․

 «Անցյալ ու նախորդող տարիներին մեծ թվով հարկատուներ կային, որ 200 մլն դրամի շեմը չէին գերազանցել, այս տարի նման ընկերություններ չկան։ Արդյունքում ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 244 մլն դրամի հարկային վճարում, 187 մլն դրամ էին վճարում ու հայտնվում խոշորագույն հարկատուների ցանկում։ Խոշոր հարկատուների ցանկի միջին հարկատուի խոշորացում է տեղի ունեցել»։

Խոշոր հարկատուների ցանկում տնտեսագետ Մերի Բոյաջյանը կենտրոնացվածության բարձրացում է նկատել։ Ընկերությունների մոտ 80 տոկոսը գրանցված է Երևանում։ Նրանց մասնաբաժինը հարկային մուտքերում 82 տոկոս է կազմել։ Սա նախորդ տարվա համեմատ 9 տոկոսային կետով աճել է։

1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև «Meta Platforms»-ը և «Google Commerse Limited»-ը։ Եթե կիսամյակային տվայլներով «Meta Platforms»-ը 335-րդ տեղում է, ապա ինն ամսվա տվյալներով՝ 319–րդում է՝ ավելի քան 728․4 մլն դրամ հարկային վճարումներով։ «Google Commerse Limited»-ը նույնպես բարելավել է դիրքերը։ Այն հարկային ցանկում 888-րդն էր կիսամյակային տվյալներով, բայց 728–ում է ինն ամսվա տվյալներով։ Օնլայն վաճառքով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն ավելի քան 34 անգամ ավելացրել է վճարած հարկերի ծավալը։

Ընդհանուր առմամբ, հարկատուների ցանկը տնտեսության իրական արտացոլումն է՝ արձանագրում են փորձագետները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն