Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկդիր, ոգեշնչվի Սարդարապատի խորհրդով։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի և ազգի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից վտանգները և փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքությանը և պետականությանը»,- նշեց նա։

Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ չի ցանկանում օրվա խորհրդից դուրս որևէ այլ քաղաքական բնույթի հարցի պատասխանել․ «Ապրենք այսօրվա խորհրդով և այսօրվա լուսեղեն պատգամը փոխանցենք մեր ժողովրդի զավակներին, որպեսզի Սարդարապատի ոգով զորացած՝ նրանք դիմագրավեն բոլոր փորձություններին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն