Մինչև 2036 թվականը Հայաստանը պետք է նոր ատոմակայան ունենա։ Կառավարությունում քննարկումներ են, կոնկերտ առաջարկ միայն Ռուսաստանից է ստացվել։ Բանակցություններ են ընթանում նաև Միացյալ Նահանգների ու Կորայի հետ։ Առաջարկները հավանաբար հունվարին կամփոփվեն։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ ժամանակ կա, բայց ոչ շատ, պետք է շտապել։ Իսկ հզոր ատոմակայան ունենալը ոչ միայն էներգետիկ , այլև ազգային անվտանգության խնդիրներ է լուծում Հայաստանի համար՝ շեշտում են փորձագետները։

Ի՞նչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայնների ուղղությամբ։ Հարցերի  պատասխանները կառավարությունը դեռ չունի։ Կողմնորոշվելու համար, ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, դեռ պետք է աշխատեն․

«Այժմ մենք այդ աշխատանքների ընթացքի մեջ ենք, որպեսզի չսխալվենք ու հասկանանք՝ ինչպիսի բլոկ պետք է կառուցենք։ Որոշման կայացման համար պետք է ունենանք բոլոր առաջարկները։ Բացի ռուսական առաջարկից, մնացածի մանրամասները չեն ստացվել։ Այս պահին ԱՄՆ ու կորեական գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում»։

Առաջարկները կներկայացվեն դեկտեմբեր- հունվար ամիսներին, հետո արդեն կհասկանան, թե դրանցից որոնք են ավելի արդյունավետ։Մինչև 2036թ․ 12 տարի ժամանակ կա, կհասցնե՞ն արդյոք այս ընթացքում ոչ միայն հասկանալ, այլև նոր ատոմակայան կառուցել․ «Այո, միանգամայն բավարար ժամկետ է դա»։

Հայաստանի էներգետիկ համակարգի 70 տոկոսը այլ երկրներից ներկրվող ռեսուրսներից է կախված։ Իսկ ամենամեծ մարտահրավերը մեկ էներգակրից կախված լինելն է՝ արձանագրում է Հակոբ Վարդանյանը․

«Եթե այս պահին գազի դեֆիցիտ ունենանք, հովհարային անջատում լինի, այդ տարածքում գործող արևային կայնանները ևս չեն գործելու։ Պետք է ապահովել նրանց անկախ գործունեությունը ցանցից, ինչի ուղղությամբ աշխատանք տարվում է»։

Ատոմակայանի առկայությունը էներգահամակարգում նախ՝ էներգետիկ անկախությունն է ապահվում, բայց ամենակարևորը՝ դա ազգային անվտանգության կարևորագույն տարր է։ Գործող էներգաբլոկը պետք է շահագործվի մինչև 2036 թվականը։ Բայց պետք է շտապել՝ արձանագրում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը․

«Շատ է քաղաքականացված ատոմակայանի կառուցման հարցը, երբեմն՝ անհարկի։ Դա բերում է որոշում կայացնելու հապաղմանը։ Մենք ժամանակ ունենք, բայց՝ ոչ շատ ։ Պետք է որոշակիացնել , հասկանալ, թե հարևանների հետ ինչ հնարավոր զարգացման հեռանկարներ կան ոչ միայն ցանկությունների մակարդակում, այլ նաև կոնկրետ փաստաթղթային։ Առաջին հերթին նկատի ունեմ Իրանի, ապա՝ Վրաստանի հետ, փոխհոսքերի ապահովման մասով։ Վրաստանի դեպքում նաև պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք դեպի ԵՄ երկրներ արտահանել»

ՀՀ–ը սպառման անհրաժեշտ ծավալից բացի կարող է արտադրել տարեկան ևս 4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէնեգիա՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Այժմ Հայաստանում արտադրվում է մոտ 9 մլրդ կվտ հոսանք, բայց 14 մլրդի ներուժ կա։ Արտադրվող հոսանքը հիմնականում արտահանվում է Իրան, Վրաստան, բայց 2023-ի ապրիլից դեպի Վրաստան արտահանում չի իրականացվել։ Պատճառը՝ հայկական էներգիայի բարձր գինն է․

«Պայմանավորված է Թուրքիայում ու Եվրոպայում գների կտրուկ անկմամբ։ Թուրիայում նաև հոսանքի գնի սուբիսդավորման ու վերին շեմի սահմանման հետ է կապված։ Իհարկե, մենք ուղիղ չենք արտահանում դեպի այդ երկրներ, արտահանումը դեպի Վրաստան է,  բայց վրացական շուկայում գները կարգավորվում են իրենց արտահանվող շուկայի մեծածախ գների հետ։ Եթե այնտեղ գները ընկում են ,ապա վրացական շուկայում նույնպես դրանք ընկնում են։ Այս տարի մեր արտահանումները ապրիլից տեղի չեն ունենում։ Գների անկմամբ պայմանավորված՝ հույս ունենք մոտ ժամանակներս կվերականգվի»։

Եթե հայկական էլեկտրաէներգիան մրցունակ չէ վրացական շուկայում, ինչպե՞ս է կարգավորվելու դեպի Եվրոպա արտահանումը․ ԵՄ–ի դեպքում  կարևորը միայն գինը չէ՝ արձանագրում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը․

«Եթե մենք հապաղենք ու ենթակառուցվածքները չունենանք, բնականաբար այդ բացը այլ պետություններ կլրացնեն, այդ թվում՝ Ադրբեջանը, որը էներգետիկական ներուժ չունի, բայց օգտվելով Արցախի օկուպացիայից, ԵՄ–ի հետ բանակցում է Արցախի հարավային շրջաններում արտադրվող կանաչ՝ արևային էներգիայի արտադրությունը այնտեղ վաճառելու համար»։

Հայաստանը միակ տարածաշրջանային երկիրն է, որը ամբողջական ներուժ ունի ոլորտում հաջողություններ գրանցելու համար՝ ասում է փորձագետն ու հիշեցնում՝ 2022–ից ատոմային էներգետիկան նույնպես կանաչ էներգետիկա է համարվում, վերականգվող էներգետիկայի խնդիր էլ Հայաստանը չունի։ Բայց ազգային անվտանգության առումով, իհարկե, կարևորագույնը 1000 ու ավելի մեգավատ հզորությամբ ատոմակայան ունենալն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն