Հայաստանի պետության շենքը կառուցելիս ցեմենտն ու արմատուրան գողացել են, արդյունքում շենքը չդիմացավ այս ցնցմանը. Փաշինյան
Մեզ մեղադրում են այն ամենի մեջ, որում կարելի է մեղադրել որեւէ անձի կամ որեւէ կառավարության, այդ թվում, որ սատանայի հետեւորդներ ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժ-ամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղավոր չենք: Մենք բոլորս ամաչելու որեւէ բան չունենք: Այն փորձությունը, այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից, ըստ էության, հնարավոր չէր խուսափել: Էականը ոչ թե պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են: Դա մի երկրաշարժ էր, որ շատ բաներ փլուզեց: բայց երբ երկրաշարժ է լինում ու շենք է փլվում, ժողովուրդն ասում է՝ ցեմենտը կերել էին, արմատուրան լավ չէին դրել: Այս դեպքում էլ նույնը կարող ենք ասել: Ես չեմ ուզում, որ հիմա մեզ ասեն՝ էլի նախկիններին եք մեղադրում: Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նրանք են մեզ մեղադրում, հետեւաբար այս խոսակցությունը պետք է տեղի ունենա:
Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւակերպում է, որ Ղարաբաղի հարցով սա էր վիճակը, նա էր վիճակը, բայց չի ձեւակերպում, թե ի վերջո, Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումն այսօր ո՞րն է: Իսկ պետք է ասի, որ իր պատկերացումը հետեւյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին եւ դրանով թեման համարենք փակված:
Այն քաղաքական ուժը, որը ժամանակին ստորագրել է Ալեքսանդրապոլի եւ Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ: Բա ինչի՞ իրենց դավաճան չեք հանում: Որովհետեւ ձեր կուսակցությունից են դրա համա՞ր: Իսկ երբ Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագիր ստորագրողներին համարեք դավաճան, այն ժամանակ իրավունք կունենանք այդ բանի մասին խոսելու»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այո, Հայաստանի պետության շենքը կառուցելիս ցեմենտը գողացել են, արմատուրան գողացել են, եւ երկրաշարժի արդյունքում շենմքը չի կարողացել դիմանալ այդ ցնցմանը:
«Երբ մենք 2018-ին դարձել ենք իշխանություն այդ շենքը ամրացնելուն ուղղված հուսահատ գործողություններ ենք իրականացրել՝ սկսած զինված ուժերից: Այսօր նախկին իշխանություններից որեւէ մեկը մեզ մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի:
Քոչարյանն ասում է, բա եթե երկրի վարչապետը Թուրքիայի գործակալ է, ուրիշ ի՞նչ պետք է աներ: Ես էլ ասում եմ, եթե 1999-ին ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի հտուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27: Եթե Թուրքիայի գործակալ լիներ, պետք է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր ու ասեր՝ եկեք Մեղրին տանք:
Այսօր Ղարաբաղի բանակցային գործընթացից են խոսում, ես հրապարակել եմ, որ 1999-ին Անվտանգության խորհրդի նիստից եւ Հոկտեմբերի 27-ից հետո գնացել են եւ Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, հստակ գրված է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն գոյություն ունեցող պետության, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ, էլ ինչի՞ն պետք է կողմ քվեարկեր:
Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ 1998-ին ՀՀ ղեկավարը, էլինչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային ու Ադրբեջանին, եթե ոչ Թուրքիային բանակցային գործընթացից դուրս թողնելը:
Այո, 1998-ին Հայաստանը կարող էր ասել՝ չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետեւ Ադրբեջանի բաբնակն այդ վիճակում չէր եւ չէր կարող պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու փորձ աներ»,-հայտարարեց Փաշինյանը: