Արծվիկ Մինասյանը պատասխանեց ՔՊ պատգամավորին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստում պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, ով երեկ իր ելույթում ասել էր․ «Ավելի քան 100-ամյա պատմություն ունեցող կուսակցության գործիչներին ուզում եմ խնդրել, որ թարմացնեն իրենց հիշողությունը և հիշեն 1918 թվականին իրենց իշխանության կողմից ստորագրած Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով մեր հայրենիքի մեծագույն մասը զիջեցին Օսմանյան կայսրությանը»։
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «1918 թվականի Բաթումի պայմանագիրը կնքվել է Հայաստանի անկախության համար։ Եվ ձեռք բերելով 12 հազար քմ վրա անկախություն՝ Հայաստանն իր տարածքներն ընդլայնել է։ Եվ անգամ ձեր կողմից վկայակոչված և ուժի մեջ չեղած և միայն ու բացառապես հայ ժողովրդի որոշակի հատվածի փրկության համար ձևական ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրն անընդհատ վկայակոչելը դա ոչ ավել, ոչ պակաս թուրք-ադրբեջանական շահը սպասարկել է նշանակում։ Իսկ Հայաստանի դաշնակցական կառավարությունը Խորհրդային իշխանությանը՝ բոլշևիկներին թողել է 42 հազար քմ կիլոմետր Հայաստանի հնարավորություն։ Եվ դրա պայմանագրերը գիտականորեն հրապարակված, հիմնավորված են։ Եթե էս աստիճանի հակահայ ձեր պահվածքն է այս ամբիոնից հնչում, դա ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին վարկաբեկելու հարց է, այլ մեր պետականությունը կազմաքանդելուն ուղղված գործ է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ կարծում է՝ պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, հայոց պետականությանը վնասելու դեպքում քրեական պատիժ սահմանելու համար։