Աշխատած միջուկային վառելիքը մեր երկրում դեռևս միջուկային թափոն չի համարվում, այն ՀՀ-ի սեփականությունն է
Հայաստանի էներգետիկ ռազմավարությունում միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ կարևորվում է վերականգնվող էներգետկայի զարգացումը։ Բայց այս պահին քննարկումների առանցքում առավելապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի երակարաձգման, նոր ատոմակայանի կառուցման, միջուկային թափոնների պահպանման հարցերն են։ Միջուկային վառելիքի պահման ժամկետը կարելի է շարունակ երկարացնել, եթե կա այն հովացնելու հնարավորություն՝ վստահեցնում են մասնագետները։
Մեծամորի ատոմակայանը անվտանգ է, ռադիոկատիվ նյութերով միջավայրն աղտոտելու վտանգ չկա՝ փաստում են ոչ միայն հայ, այլ նաև միջազգային փորձագետները։ ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է ՄԱԳԱՏԷ–ի պահանջներին համապատասխան։
Հայաստանում երկու միջուկային տեղակայանք կա․ մեկը ՀԱԷԿ-ն է՝ իր երկու բլոկներով, մյուսն աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանը՝ նույնպես ատոմակայանի տարածքում։ Արդեն դիտարկվել և վերլուծվել են ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված անվտանգության 13 համակարգերի մոդիֆիկացիաների փաթեթները, ինչպես նաև համաձայնեցվել են անվտանգության կարևոր ծրագրերում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթեները։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը փարատում է բոլոր մտահոգությունները։
«Աշխատած միջուկային վառելիքը մեր երկրում դեռևս միջուկային թափոն չի համարվում։ Հայաստանում ուրանի թափոններ չկան։ ՀԱԷԿ-ը վերագործարկելուց հետո համարվում է Հայաստանի սեփականությունն ու պահվում է ՀՀ-ում։ Ատոմակայանի տարածքում կա աշխատած միջուկային վառելիքի պահեստարան, որը նախատեսված է հիսուն տարվա շահագործման համար»։
Մասնագետի պնդմամբ՝ վառելիքն ակտիվ գոտուց հանելուց հետո բավական երկար ժամանակ թաց վիճակում պահվում է ՀԱԷԿ-ի հովացման ավազանում, մնացորդային ջերմանջատումները, միջուկային փոխազդեցություններն այդ ընթացքում զգալիորեն թուլանում են, ինչից հետո վառելիքը պահվում է օդով հովացնելու պայմաններում։ Կան պաշտպանիչ պատյաններ, որոնցում իոնիզացնող ճառագայթման քանակը քչանում է․
«Միջուկային վառելիքի պահման ժամկետը կարելի է շարունակ երկարացնել, եթե կա այն հովացնելու հնարավորություն։ 50 տարին լրանալուց հետո, ոնց որ գործող ատոմակայանն ենք ուզում երկարացնել, սա էլ կարող ենք երկարացնել, ինչքան անհրաժեշտ է։ Անհրաժեշտության դեպքում կկառուցվեն հավելյալ պահեստարաններ։ Ատոմակայանի՝ մինչև 2036 թվականը շահագործվելու պայմաններում նախատեսվել է ևս մեկ մոդուլի կառուցում»։
Թե ատոմակայանը որքան կդիմանա պատահարներին, պարզում են սթրես թեստերի միջոցով։ Այս տարի Մեծամորի ատոմակայանը կունենա նաև շարժական դիզելային պոմպեր, որոնք կհովացնեն ակտիվ գոտին՝ կանխելով վթարները։ Ավելին, ատոմակայանում տեղի ունեցած միջադեպերը զրոյական մակարդակի են։ Միջուկային վառելիքի՝ օդանավակայանից ատոմակայան տեղափոխելու թույլտվությունը տալիս է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։
Մեծամորի ատոմակայանում տարբեր աշխատանքներ են իրականացվում ՝ երկրորդ էներգաբլոկի կյանքը երկարացնելու նպատակով։ 2023–ին նախատեսված աշխատանքների մի մասը տեղափոխվել է այս տարի։ Դրանք բյուջեի ծախսային մասում ներառված են, կիրականացվեն՝ վստահեցնում է ՏԿԵ նախարարը։ Այս տարի կավարտվի նաև բաց բաշխիչ սարքի կառուցումը։ ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանը ընդգծում է՝ աշխատանքները ռուսական ընկերությունն է կատարում։
«Ուզում եմ ասել, որ սա կլինի անկախությունից հետո առաջին ԲԲՍ–ն զրոյից կառուցված, ունի համակարագային նշանակություն»։
Հայաստանի էներգետկ անվտանգության ռազմավարությունում ընդգծվում է՝ նոր ատոմակայանի ընտրության հարցում տնտեսական նպատակահարմարության դեպքում կդիտարկվեն նաև փոքր մոդուլային ռեակտորները։ ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․
«Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը, ապա 10 տարի»։
Քննարկումների մակարդակում առաջարկներ կան, պաշտոնական հարթակում միայն ռուսական կողմն է կոնկրետ առաջարկ ներկայացրել։ Հայաստանի էներգետիկ ապագայում կարևորվում է նաև վերականգվող ռեսուրսների զարգացումը։ ՏԿԵՆ Սանոսյանը ընդգծում է․
«Հայաստանը աշխարհում հայտնի է նրանով, որ մենք խրախուսող քաղաքականություն ենք վարում արևային էներգետիկայի մասով։ Եվ այդ քաղաքականությունն իր արդյունքը տալիս է։ Մեր արևային կայանների հզորությունը ատոմակայանի հզորությունից արդեն շատ է, կարծես 470 մեգավատ, երբ ատոմակայանը 405 է»։
Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությամբ նպատակ է դրվել 2040թ վերականգնվող էներգետիկայի քանակը հասցնել 1500 մեգավատի։