Օղակաձև այգին պետք է վերականգնվի որպես հանրային այգի․ Ավինյանը որոշել է քանդել թենիսի կորտերը
Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որն ունի Փոքր Կետրոնը, և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյան՝ անդրադառնալով ավելի վաղ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու հայտարարությանը և դրա շուրջ իրենց հասցեին հնչող քննադատություններին։
«Ինչքան էլ, որ ես չսիրեմ «Արարատ» ակումբը, և իմ մանկության հուշերը կապված չլինեն այդ ակումբի հետ, գնդակները, որոնք ընկնում էին Գետառը, այնուամենայնիվ Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որ Փոքր Կենտրոնն ունի, և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի։ Բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են մեր հասցեին պետք է ընդունել ի գիտություն և պետք է գալ այն հիմնական նպատակին, որ հանրային տարածքները պետք է վերադարձնել հանրությանը»,- նշեց Ավինյանը և համոզմունք հայտնեց, որ այն լավ ծրագիր է։
Քաղաքապետը վստահեցրեց, որ թենիսի կորտերի խնդիրը կլուծեն՝ հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որը Երևանում կա թենիսի նկատմամբ։
Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու: