Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը Հայաստանում չէ եւ դրա համար չի մասնակցել Իշխան Սաղաթելյանի ընդդիմության կողմից  փոխնախագահ ընտրվելու քվեարկությանը։ Այս մասին նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո օգոստոսի 5-ին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Մինչ այդ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ, իր տեղեկությամբ, պատգամավոր Դավիթ Սեդրակյանը գտնվում է երկրի սահմաններից դուրս։ Նա, մասնավորապես, հետաքրքրվեց, թե համապատասխանում է արդյոք այդ տեղեկությունն իրականությանը։ «Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործընկերոջ նման վերաբերմունքին, նրան, որ նա, փաստորեն, չմասնակցեց ձեր թեկնածուի քվեարկությանը, եւ որ գտնվում է Հաաստանի սահմաններից դուրս։ Որքան ինձ հայտնի է, նա արձակուրդ է վերցրել»,- ասաց Ալեքսանյանը։

Ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենց զինակիցը իսկապես Հայաստանում չէ։ «Այդ մասին մենք նախապես տեղեկացրել ենք»,- ընդգծեց թեկնածուն։ Նա նաեւ նշեց, որ կառավարող կուսակցությունը գիտեր այդ մասին քվեարկությունից առաջ։

Իր հերթին, «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը, հիշեցրեց, որ իրենց երկու զինակիցներ ձեբակալված են եւ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ինչպես հարցի քննարկմանը, այնպես էլ հաջորդող քվեարկությանը։ Խոսքը, մասնավորապես, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի մասին է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն