Նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու քաղաքական և բարոյական իրավունք չունի. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանի նախկին իշխանություններից որևէ մեկը իր իշխանությանը որևէ բանում մեղադրելու քաղաքական և բարոյական իրավունք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանություններին մեղադրում են այն ամենի մեջ, ինչի մեջ հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը: «Տեսականորեն ինչում կարելի է կառավարությանը մեղադրել, այդ բոլոր մեղադրանքները մեզ հասցեագրվում են և ուղղվում են: Եվ սա շատ բացառիկ երևույթ է: Բայց ես ուզում եմ ուրիշ բացառիկ իրավիճակի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: Բոլոր մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղավոր չենք: Բոլորս էլ թերացումներ ունենք, բայց ծանրակշիռ մեղադրանքներից որևէ մեկի մեջ մենք մեղավոր չենք»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ իրենք ամաչելու ոչ մի բան չունեն: «Այո, մենք շատ ծանր ժամանակաշրջանով ենք անցնում, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այն փորձությունը՝ պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից, ըստ էության, հնարավոր չէր խուսափել: Եվ էականը ոչ թե պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են: Եվ դա մի երկրաշարժ էր, որն, այո, փլուզեց շատ բաներ, մեծ փլուզումներ տեղի ունեցան, բայց երբ երկրաշարժ է լինում, և շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան, համենայնդեպս, այդպես եղել է, ասում են՝ «դե ցեմենտը կերել են, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ չէին արել, և դրա համար էլ դա տեղի ունեցավ: Այս դեպքում էլ նույնը կարող ենք ասել: Հիմա ես չեմ ուզում, որ էլի տրամադրությունը գնա նրան, որ ասեն էլի նախկիններին են մեղադրում: Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում: Եվ հետևաբար, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, որ Հայաստանի պետական շենքը, որը կառուցվել է 30 տարվա ընթացքում, այդ շենքի ցեմենտը տարել են, արմատուրան տարել են, նախագծի մեջ գողացել են, շինարարության մեջ գողացել են, և երկրաշարժի արդյունքում շենքը չի կարողացել դիմանալ ցնցմանը: «Մենք, երբ 2018 թվականին դարձել ենք իշխանություն, այո, հուսահատ այդ շենքն ամրացնելու գործողություններ ենք իրականացրել՝ սկսած զինված ուժերից: Եվ այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունի»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին. «Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցով ձևակերպում է, որ վիճակն այս էր, այս էր, այս էր, բայց ինքը, ի վերջո, չի ձևակերպում, Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, այսօր ո՞րն է: Իսկ պետք է հստակ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծման իր պատկերացումը հետևյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված: Եթե խոսքն ասվում է, պետք է ասվի մինչև վերջ»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ բա եթե վարչապետը Թուրքիայի գործակալ լիներ, ուրիշ ի՞նչ պիտի աներ: Բա ասում եմ, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչր պիտի տեղի ունենար, եթե ոչ հոկտեմբերի 27: Եթե Թուրքիայի գործակալ լիներ, պիտի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, ասեր գիտեք ինչ, եկեք Մեղրին տանք Ադրբեջանին: Այսօր Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին են խոսում, ես հրապարակել եմ 1999 թվականին այդ անվտանգության խորհրդի նիստից և հոկտեմբերի 27-ից հետո գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, այնտեղ հստակ գրված է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն գոյություն ունեցող պետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում և տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ, էլ ինչի՞ն պետք է կողմ լիներ: Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ 1998 թվականին Հայաստանի ղեկավարը, ուրիշ ավելի ի՞նչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային և Ադրեջանին, եթե ոչ Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելը: Եվ ես ասում եմ՝ այո, 1998 թվականին Հայաստանը կարող էր ասել չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետև այն ժամանակ Ադրբեջանի բանակն այդ վիճակում չէր և չէր կարող պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու փորձ անել: Միջազգային իրադրությունն առավելևս այդ իրավիճակում չէր: Բա եթե Թուրքիայի գործակալ լինեին, պետք է մտածեին առաջին հերթին իրենց իշխանությունը պահպանելու մասին և դրա մասին էլ մտածեցին»,- նշեց Փաշինյանը: