Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 6-ին շարունակում է իր աշխատանքը: Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը: Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նախօրեին երկու անգամ չհաջողվեց նրան ընտրել փոխխոսնակ: Երրորդ անգամ եւս ընդդիմությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա այսօր: Հիշեցնենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝ - Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ - ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին - Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ - Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում - Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները: Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն