Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Համակարգի ներդրման իրազեկումների շրջանակում մարտի 26-ին շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր հանդիպում-քննարկում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը, խրախուսելու գործընթացներին մասնավոր հատվածի ներգրավվածությունը և երկխոսությունը։

Հանդիպման ներկա էին շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողներ և ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներ, որոնց ներկայացվել են արտադրողի ընդլայնված պատասխանատվության կանոնակարգերը։

Հանդիպման ընթացքում «Թափոնների քաղաքականություն Հայաստան» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է օրենսդրական նախագծի դրույթները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը խոսել է համակարգի ներդրման բոլոր փուլերում շահառուների լիարժեք ներգրավվածության կարևորությունից։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» քառամյա ծրագրի շրջանակներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն