Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը, բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով:

Այս հարցում որոշումները ընդունվում են՝ հիմնվելով դատարանների նախագահների առաջարկների վրա: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր:

Բացի այդ՝ Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց որոշում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահների դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկման լիազորության առավել արդյունավետ իրացման մասին:

Արդյունքում՝ Դատական դեպարտամենտը լիարժեքորեն կտիրապետի մշտադիտարկման ամբողջական տեղեկատվությանը, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալ՝ կոնկրետ ո՛ր պաշտոնյայի մեղքով են ձգձգվում դատական գործերը, և կձեռնարկեն միջոցներ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Միաժամանակ, Դատական դեպարտամենտը, առաջնորդվելով իր կանոնադրական լիազորություններով, (դատական գործերի տևողության կապակցությամբ տեղեկատվության հավաքագրման ու տրամադրման ապահովում) սկսել է ուսումնասիրություն այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում:

Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ: Ստացված պատասխանների վերլուծության արդյունքում կվերհանվեն դատական գործերի քննության ձգձգումների պատճառ հանդիսացող խնդիրները, և կմշակվեն դրանց լուծման ուղղությամբ առաջարկները:

Դատական դեպարտամենտը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակելու է հետևողականորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արդարադատության ոլորտում առկա անթույլատրելի խնդիրների վերացման ուղղությամբ` պահպանելով թափանցիկ ու հաշվետու աշխատելաոճը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն