Գնաճը հնարավոր է, այն զսպելը՝ նույնպես
Ֆիզիկական անձանց համար ապրիլի 1-ից ապրանքների անմաքս ներկրման շեմը 1000 եվրոյի փոխարեն դարձել է 200 եվրո։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգերում սա միակ փոփոխությունը չէ։ Նոր կանոնակարգեր են գործում զգայուն համարվող մի շարք ապրանքերի մասով։ Դրանց արդյունքում որոշ ապրանքների թանկացումը փորձագիտական դաշտում չեն բացառում, ամեն ինչ կախված է նրանից, թե երկրների ներսում ինչ կարգավորումներ կգործեն։
Կթանկանա՞ ն ներկրվող ավտոմեքենաները, թե՞ ոչ, ի՞ նչ փոփոխություններ ու կանոնակարգեր են ուժի մեջ մտել ապրիլի 1–ից։ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ որոշումները կայացվել են ավելի վաղ, ապրիլի 1–ից ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես ՌԴ–ից, ներմուծման վճարի հաշվարկման կարգն է փոփոխվել։ Փորձ է արվում բոլոր երկրների համար հավասար պայմաններ ստեղծել, ասում է․
«ՌԴ–ից ներմուծվող տարբեր ավտոմեքենաներ, տրանսպորտային միջոցներ մաքսային արժեքի նվազեցման պատճառով առաջացել է թերավճարված հարկերի ու տուրքերի խնդիր։ Իմաստն այն է, որ երրորդ երկներից ՌԴ մեքենաներ ներմուծող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար հավասար պայմաններ ստեղծվեն։ Գումարը պետք է ՌԴ–ում վճարեն»։
Նոր ուժի մեջ մտած կարգավորումները պետք է հավասար պայմաններ ստեղծեն նրանց համար, ովքեր ՌԴ են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծած ավտոմեքենաները, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները չեն, որ հավասար պայմաններ ունեն, հատկապես մեքենաների մասով։ Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար նախատեսվում է մաքսազերծում ՌԴ—ում, որպեսզի կենտրոնացված լինի ու տարբերություններ չլինեն՝ բացատրում է։ Երկրների սահմանած քվոտաները կմնան կիրառության մեջ, բայց կա նաև մաքսային վճար, որը պետք է վճարել ՌԴ–ում, ոչ թե, օրինակ՝ ՀՀ—ում։
«Հիմա հավասարեցվում է, քանի որ տարբեր երկրներ ունեին տարբեր դրույքաչափեր։ ԵԱՏՄ–ն բերում է Ղրղզստանի օրինակը, շատ ավելի արտոնյալ պայմաններ կային, դա թույլ էր տալիս ավելի հեշտ պայմաններով ստանալ և արտահանել այլ երկրներ, մինչդեռ ՌԴ –ում երբ ստանում էին ՌԴ քաղաքացիները իրենց օգտագործման համար, տարբերությունը բավականին մեծ էր»։
Հացահատիկ, վառելիք, քսայուղեր ու ոչ միայն, նոր կանոնակարգերով են ներկրվելու նաև այս ապրանքները։ Ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներկրման շեմը 1000 եվրոյից իջել է՝ դառնալով 200 եվրո, 31 կգ ։ 2022թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի որոշմամբ, որպես հակաճգնաժամային միջոց, անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներկրման արժեքային նորմը ժամանակավորապես բարձրացվել էր՝ 200-ից հասնելով 1 000 եվրոյի։ Սկզբում նախատեսվում էր, որ 2022թ. հոկտեմբերի 1-ից հետո 200 եվրո նորմը կվերադարձվի։ 2022թ. սեպտեմբերի 23-ին 1000 եվրո նորմի գործողությունը երկարացվեց մինչեւ 2023թ. ապրիլի 1-ը, իսկ 2023թ. մարտի 30-ին՝ մինչեւ 2023թ. հոկտեմբերի 1-ը։ Նոր կարգավորումը նույնպես ուժի մեջ է՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը բացատրում է․
«Եթե ես ոչ ԵԱՏՄ անդամ երկրի էլեկտրոնային հարթակից ապրանք եմ ձեռք բերում, ապա սահմանաչափը սահմանված էր ԵԱՏՄ օրենսդրությամբ 1000 եվրո, բայց ՀՀ օրենսդրությամբ 200 հազար դրամ է։ Ապրիլի 1–ին դադարեց այդ սահմանաչափը գործել, ու հետ վերադարձանք 200 եվրոյին։ Քանի որ սա ավելի խիստ նորմ է, մենք եկանք 200 եվրոյին։ Դա վերաբերում է ամբողջ ԵԱՏՄ–ին»։
ՊԵԿ փոխնախագահը հստակեցնում է՝ նորմը գործում է, եթե ապրանքը օնլայն ձեռք է բերում երրորդ երկրից՝ ոչ ԵԱՏՄ անդամ՝ Չինաստան, ԱՄՆ և այլն։ Նաև չի բացառում՝ գուցե կան երկրներ, որոնք ավելի խիստ պայմաններ են առաջարկել, քննարկումներին մասնակցել է, բայց վերջնական արդյունքից տեղյակ չէ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն արձանագրում է․
«Սա նաև արվել է, հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել էլեկտրոնային առևտրի բնագավառում։ Վերջին տասնամյակի ընթացքում, իսկ ՀՀ–ում 3–5 տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային եղանակով ձեռք բերվող ապրանքների ծավալը»։
Իհարկե, կարգավորումների արդյունքում որոշ ապրանքների թանկացումը չի բացառվում, ամեն ինչ կախված է նրանից, թե երկրների ներսում ինչ կարգավորումներ կգործեն։