Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրն ունի յուրահատուկ խորհուրդ՝ մայրությունն ու գեղեցկությունը ևս մեկ անգամ արժևորելու տեսանկյունից։ Հայ կինը միշտ եղել է պետության ամրության հիմքում, իսկ կանանց իրավունքների պաշտպանությունն այդ հիմքերն էլ ավելի է ամրապնդում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Կարևոր է, որպեսզի պետությունը նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ իրականացնի շարունակական քայլեր։

Գործընթացի հաջող իրականացման համար առանցքային է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը։

Անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում՝ կանանց դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելու և կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու ուղղությամբ։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն