Գիտնականներ. Շունտավորման վիրահատությունների ժամանակ կանայք ավելի են ենթակա արյան կորստի և մահվան վտանգի, քան տղամարդիկ
Նյու Յորքի Weill Cornell Medicine-ի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ կանայք ավելի են հակված վիրահատության ժամանակ արյան՝ մասնավորապես, արյան կարմիր մարմնիկների կորստի, քան տղամարդիկ:
Նրանք վերջերս իրենց արդյունքները հրապարակել են American College of Cardiology ամսագրում:
Գիտնականները եզրակացրել են, որ իմանալով, որ վիրահատության հետ կապված անեմիան մեծացնում է հիվանդ կանանց համար վտանգը, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն, որոնք կարող են բարելավել նրանց գոյատևումը աորտոկորոնար շունտավորման վիրահատության ժամանակ:
Նոր ուսումնասիրությունը հիմնված է շունտավորման վիրահատություն ունեցած ավելի քան մեկ միլիոն հիվանդների տվյալների վրա, որոնք հավաքագրվել են Կրծքավանդակի վիրաբույժների ընկերության կողմից:
Այս թվերը հաստատել են տարբերությունն ըստ սեռի. շունտավորման վիրահատությունից մահացել էր տղամարդկանց 1,7%-ը, իսկ կանանց 2,8%-ը, ինչպես հետազոտողներն են նշել, տարբերությունը գրեթե 50% է կազմել:
Այնուհետև նրանք դիտարկել են հնարավոր գործոնների լայն շրջանակ, որոնք կարող էին առաջացնել այս տարբերությունը: Նրանք հաշվի են առել հիվանդների տարիքը, էթնիկ պատկանելիությունը, սրտային հիվանդությունների ծանրությունը, նախկինում սրտի նոպաների և այլ հիվանդությունների առկայությունը:
Ուշադրության է արժանացել միայն մեկ գործոն. թվերը վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ իգական սեռի հիվանդների մոտ դիտարկվող բարձր ռիսկային դեպքերի 38%-ը կարող է կապված լինել վիրահատության ժամանակ արյան կարմիր մարմնիկների կորստի հետ։ Այս վիճակը հայտնի է ներվիրահատական անեմիա անունով:
Ինչպես բացատրել է հետազոտական խումբը, որոշակի չափի անեմիան անխուսափելի է, քանի որ արհեստական արյան շրջանառության սարքը, որը պաշտպանում է հիվանդների կյանքը նման վիրահատությունների ժամանակ, արյունը նոսրացնող հեղուկներ է օգտագործում:
Սակայն, հետազոտողների կարծիքով, միջինում կանանց մարմնի փոքր չափսերը և այն փաստը, որ նրանք, որպես կանոն, շունտավորման վիրահատության են գալիս արյան կարմիր մարմնիկների ավելի փոքր քանակով, քան տղամարդիկ, նրանց ավելի խոցելի է դարձնում ներվիրահատական անեմիայի նկատմամբ։