Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հ․ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ:
Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ մի երիտասարդ փորձում է խոչընդոտել 69-ամյա պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Միջադեպին անդրադարձել է Ազգային ժողովի նախագահը:
Ծանուցում․ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: