Ուրբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը, որի շրջանակում նրանք քննարկել են առկա բոլոր սուր խնդիրները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շոյգուն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները», -ասել է Շոյգուն հանդիպման բացմանը:

«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք, իմ գնահատականով, շատ հաջող են զարգանում»,-ասել է Հարությունյանը:

Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՝ ՀԱՊԿ շրջանակներում:

«Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են: Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, ինչը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,-շարունակել է նա:

Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ:

«Ես ուզում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը, և այս օրը Դուք հնարավոր եք համարել գալ Մոսկվա: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները առաջվա պես շատ բարձր մակարդակի վրա են, և մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,-ասել է նա:

Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանի բարձր մակարդակի ռազմական պատվիրակությունները ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության նշանակալի միջոցառումներին:

«Մենք ուրախ կլինենք տեսնել Ձեզ միջազգային անվտանգության 9-րդ մոսկովյան համաժողովում, որը տեղի կունենա հունիսին»,-ասել է նա:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Միջազգային բանակային խաղերին և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին»,- հավելել է Շոյգուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն