Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։
Իր հայրական օրհնությունը փոխանցելով միության ներկայացուցիչներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը հայոց հոգևոր կենտրոն վկայությունն է Հայ Եկեղեցու հանդեպ որդիական սիրո և հավատարմության։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդությամբ նաև եկեղեցականների, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցության պայծառակերպության սրբավայր, հոգևոր ուժի և զորության ակունք։ Եվ այս նվիրական վայրում այլևս հայցում ենք մեր նահատակների բարեխոսությունը, որպեսզի առ Աստված հավատքով և ապավինությամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իրականություն դարձնել համազգային մեր նվիրական իղձերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևոր համարեց, որ աշխարհասփյուռ հայժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործությունների կանխարգելման և արդարության հաղթանակի։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տիրող ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանության հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կյանքից ատելությունն ու թշնամանքը, հատվածական շահերի նկրտումները։
Առկա իրադրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամայական նկատեց հոգևոր վերարթնությունը՝ հորդորելով երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքում՝ միշտ ամուր պահելով հավատքն առ Աստված, սերն ու նախանձախնդրությունը ազգային ու հոգևոր արժեքների, նախնյաց ավանդների ու ժառանգության նկատմամբ։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բաշխեց հայորդիներին՝ աղոթելով, որ Հարուցյալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին և ողջ հայոց ազգին։