Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանից Վրաստան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ար կոմֆորտ տուրս» տրանսպորտային ընկերությունից՝ մանրամասնելով, որ Երևան – Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն երթուղու փոխարեն ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով, որը Դիլիջանից տանում է Վանաձոր, ապա Ալավերդի՝ դուրս գալով Վրաստանի հետ սահման:
Ընկերությունից պարզաբանեցին, որ ժամանակավորապես՝ քանի դեռ փակ է ճանապարհը, և չգիտեն, թե երբ կբացվի, կօգտվեն այլընտրանքային երթուղուց:
Այս դեպքում, սակայն, չեն կարողանում ուղևորներ վերցնել հիմնական երթուղու՝ Դիլիջանից սկսած ճանապարհահատվածի բնակավայրերից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղոդրել էինք, որ Հայաստանից Վրաստան տանող բոլոր երեք երթուղիներով ճանապարհը դեպի «Բագրատաշեն» անցակետ ամբողջությամբ արգելափակված էր։