«Թիմային խճուղավազքի մրցաշարից ստացած պարգևատրումով նորոգել ենք դպրոցի դահլիճը, ձեռք բերել նոր գույք». ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ 10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցը, լավագույն եռյակը եզրափակել է Թեղուտի միջնակարգ դպրոցը: 5-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը, արծաթե մեդալներին արժանացել է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը:
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի ակտիվ մասնակիցներից է՝ դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում երկու տարի անընդմեջ զբաղեցնելով 3-րդ տեղը:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարիներին մարզադահլիճի վերանորոգման և մարզագույքի ձեռքբերման մեծածավալ աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են. «Դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարից ստացած 3 մլն դրամով վերանորոգել ենք մեր երկու մարզադահլիճներն ու տարատեսակ գույք ենք ձեռք բերել: Դպրոցում նաև թենիսի սեղան ունեինք, որոշեցի ևս մեկը ձեռք բերել երկրորդ մարզադահլիճի համար, քանի որ երեխաները շատ են սիրում զբաղվել այս մարզաձևով: Երկու ամիս անց իմացանք, որ «ՀՀ վարչապետի գավաթի» սեղանի թենիսի մրցաշարն այսուհետ միայն դպրոցականների համար է անցկացվելու: Սկսեցինք ավելի ինտենսիվ մարզումներ անցկացնել, իսկ դպրոցի ներսում հայտարարված ներքին մրցույթին շուրջ 30 աշակերտ մասնակցեց: Ուժեղագույնները մասնակցեցին նախ համայնքային, ապա՝ մարզային և հանրապետական փուլերին»:
Ուսուցչի տեղեկացմամբ՝ սեղանի թենիսի սիրողական մրցաշարում գրանցած հաղթանակի համար ստանալիք 4 մլն դրամով կվերակառուցեն ու կբարեկարգեն դպրոցին կից մարզական տարածքը:
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Հարությունյանն էլ պատմում է՝ սեղանի թենիսի սիրողական մրցաշարին նախապատրաստվել են ֆիզկուլտուրայի դասաժամերին, անգամ դասամիջոցներին՝ միջանցքում:
«Մրցակցությունն, իսկապես, շատ թեժ էր, բայց մենք շատ լավ էինք պատրաստվել և հավատում էինք մեր ուժերին: Հաղթանակի մեծ մոտիվացիա ունենք: Ուրախ եմ, որ ի վերջո հաղթող դարձանք: Դպրոցում նոր մարզագույքի կարիք ունենք, քանի որ մարզադահլիճն արդեն իսկ վերանորոգվել է: Այս հաղթանակի շնորհիվ մարզագույքի հարցն էլ որոշ չափով կլուծենք»,- ասում է Արտյոմ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կստանան. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2.500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 1.500.000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150.000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100.000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75.000-ական դրամ:
Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել: