Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը
առաջարկված հարցերին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներում խախտումների վերաբերյալ դիմումների, հաղորդումների քննության վիճակին և ընտրական հանցագործությունների քննությունների ընթացքին։
Քննարկվել են ընտրական հանցագործությունների վիճակագրության վարման, ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկատվության պատշաճ և ժամանակին տրամադրման և ընտրական հանցագործություններով վարույթների հարուցման ու պատշաճ քննություն իրականացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ավարտին որոշվել է շարունակել աշխատանքային քննարկումները` բարձրացված հարցերին լուծում տալու համար։