5-րդ անգամ անցկացվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի վերջին տասնօրյակում անցկացվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 38 հանրակրթական դպրոցներ: Ընդ որում՝ առաջին անգամ ծրագրում ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերը:
Ծրագրի շրջանակում տարբեր մարզերի 14-16 տարեկան սովորողներ 1 շաբաթով հյուրընկալվել են այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում, բնակվել հյուրընկալ ընտանիքներից մեկում: Ուսումնական գործընթացից բացի՝ մասնակից դպրոցները նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ են անցկացրել: Հյուրընկալող դպրոցներում իրականացվել են նախագծային ծրագրեր, գործել են խմբակներ, որոնց մասնակցել են հյուրընկալվող աշակերտները:
5-րդ անգամ անցկացվող ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում: Հիմնական նպատակը հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, տարբեր մարզերի մշակութային կյանքի և ավանդույթների ուսումնասիրությունը, սոցիալականացումը:
Նոր Հաճնի ավագ դպրոցը, օրինակ, համագործակցել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի հետ՝ հյուրընկալելով 10-րդ դասարանի սովորողներին: Ի նշան բարեկամության՝ դպրոցում կազմակերպվել է ծառատունկ:
Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցը հյուրընկալել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն: Միևնույն ժամանակ, Վ. Պետրոսյանի դպրոց հյուր եկած աշակերտներն այցելել են Աշտարակի Կոմիտասի անվան քաղաքային այգի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, ստացել քահանայի օրհնությունը և մասնակցել հոգևոր զրույցի:
Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցը կրթաճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել դեպի Մակարավանք, որի ընթացքում երեխաները ծանոթացել են վանքի պատմությանը։
Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը հյուր եկած աշակերտների համար կազմակերպել է էքսկուրսիա դեպի Գեղարդ և Գառնի:
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ծրագրին մասնակցում է 5-րդ անգամ՝ ընդունելով 5 մարզերի 6 դպրոցների 13 աշակերտների։ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 19 աշակերտ էլ մեկնել է 8 մարզերի 11 դպրոցներ:
Գեղարքունիք գյուղի դպրոց այցելած 11-րդ դասարանցիները մասնակցել են «Երկրաչափություն» առարկայից «Շարժում» թեմայի ուսուցմանը, ապա կարողացել են այդ թեման կապել ազգային խաղերից մեկի` հոլի հետ: Դասերից հետո այցելել են «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն, համայնքի տեսարժան վայրեր:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Բաղրամյանի դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Արմավիրի մարզի հիմնական տեսարժան վայրեր:
Եղվարդի ավագ դպրոց ժամանած երեխաներն իրենց նոր դասընկերների և ուսուցիչների հետ եղել են Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում:
Արզափի դպրոցի աշակերտներն ապրիլի 24-ին ծաղիկներ են խոնարհել գյուղի հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, այցելել են Սուրբ Վարդան մատուռ:
Եղեգնավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Արարատ քաղաք, որտեղ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում ծանոթացել են սպարապետի կյանքին և գործունեությանը:
Տավուշի մարզի Կայանի դպրոցի աշակերտները ևս ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա այցելել են Իջևանի երկրագիտական թանգարան, ծանոթացել Իջևանի պատմության ու աշխարհագրության վերաբերյալ հետաքրքիր նյութերի։
Վայոց ձորի մարզի Վերնաշենի դպրոցի աշակերտներն ապրիլի 24֊ին քայլերթ են կազմակերպել դեպի Սպիտակավոր վանական համալիր, որտեղ հիշատակել են 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը:
ԿԶՆԱԿ հիմնադրամը ծրագրի հանրայնացման նպատակով ստեղծել է նաև էջ Ֆեյսբուք սոցիհարթակում` https://www.facebook.com/groups/757920799305303, որտեղ բոլոր հրապարակումներն արվում են
#իմկյանքըհամայնքում նշիչով:
«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը լինելու է շարունակական: