Մեղադրող դատախազը միջնորդեց Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով։ Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով:
Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քնար Մանուկյան