Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի:

«Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա:

Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ:

«Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը:

Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն