Կառավարությունն ընդունել է գույքի նվիրաբերությունն ընդունելու վերաբերյալ որոշումներ:

Որոշումներից մեկով նախատեսվում է ընդունել Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Արենի 27-րդ փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով։

Մյուս որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Լոռի մարզի Ալավերդի գյուղի Հագվի 5-րդ փողոց 19/1  հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը  և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո միայն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հագվու հիմնական դպրոցին: Արդյունքում կընդլայնվի կառուցված նոր մոդուլային դպրոցի սպասարկման տարածքը։

Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF): Հիմնադրամը ծրագրի համաձայն՝ նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ սմարթ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև՝ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը։

Բազմաթիվ համայնքաբնակ երեխաներ հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավվել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։

Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի կողմից 5 տարիների ընթացքում կիրականացվի 2,500,000,000  դրամի ներդրում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն