Այսօր առաջին անգամ Երևանում աշխատանքն է սկսել  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն թողնենք» խորագիրը կրող 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։ Միջոցառումը կընդունի ավելի քան 2000 միջազգային մասնակցի։ Բիզնես ֆորումում կքննարկվի թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությունը, արհեստական ​​բանականություն և կիբերանվտանգություն, էներգետիկ անվտանգություն և վերականգնվող աղբյուրներ, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերները, թվայնացում զարգացող շուկաներում և այլն։

30 տարվա մեջ առաջին անգամ է ՎԶԵԲ–ն իր տարեկան ժողովը Հայաստանում է անցկացնում։ Բանկի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի խորհրդատու Վարդուհի Չիլինգարյանն ընդգծում է՝ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար․

«Հայաստանի համար աննախադեպ է նաև եվրոպական համայնքի աջակցությունը, ինչը օգնում է ՓՄՁ–ին զարգանալ ու տնտեսության շարժիչ ուժը դառնալ»։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ընդգծում է՝ սա հնարավորություն է միջազգային կառույցների առջև ուղիղ բարձրացնելու համար։ Բայց և նկատում է՝ ՎԶԵԲ–ը հիմնականում մեծ նախագծեր է ֆինանսավորում․

«Մեր խնդիրը, բնական է, Հայաստանի հիմնական պատկերը ներկայացնելն է։ Որպես ՓՄՁ ասոցիացիա՝ «դարդ ու ցավը» ուղիղ ներկայացնելն է։ Այսօր ամենամեծ խնդիրը երկխոսության բացակայությունն է, ՓՄՁ–պետություն երկխոսության ֆորմատը, ցավոք, բացակայում է»։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։ Վարկային միջոցները կծախսվեն հարավային տեղամասի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարան-Սիսիան հեռավորությունը՝ 118-ից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ երթևեկության միջին արագությունը կավելանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։

Վարկի տրամադրման համաձայնագիրը կստորագրվի այս օրերին։ Սա միակ նախագիծը չէ, որի ֆինանսվարոման մասին ազդարարվելու է։

Միջոցառման պանելային քննարկումների ժամանակ արծարծվում են տնտեսական զարգացման տարբեր հարցեր։ Հրավիրյալ բանախոսներն են՝ Նուբար Աֆեյանը՝ Moderna-ի համահիմնադիրը, Թիերի Դիուն՝ Meridiaսm-ի գործադիր տնօրենը, Մարտին Վուլֆը՝ Financial Times-ից, Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը, «Թումոյի» գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, քաղաքագետ Մելանի Գարսոնը, պրոֆեսոր և պատմաբան Հարոլդ Ջեյմսը և ԱՄՆ գանձապետարանի միջազգային առևտրի և զարգացման հարցերով քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթուն: Միջազգային ֆինանսական փորձագետ Աշոտ Օսիպյանն ընդգծում է՝ այս քննարկումները բանկն իրականացնում է ամեն տարի․

«Նպատակը՝ հավաքել բոլոր ներդրողներին, հավաքել ինստիտուցիոնալ ներդրողների գործընկերներին ու փորձել նոր ծրագրեր իրականացնել։ Երկրի համար մեծ հնարավորություն է՝ ցույց տալ երկրի տնտեսությունը, խթանելով ներդրումների հոսքը դեպի երկիր»։

Բանկն արդեն վաղը կհրապարակի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների իր զեկույցը: Կառավարիչները նաև կդիտարկեն Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզը»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակը, որը կսահմանի իր առաջնահերթությունները 2026-30 թվականների համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն