ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը և Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը քննարկել են պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը հանդիպել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Հանդիպման նպատակը Հաշվեքննիչ պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքի քննարկումն էր, հայտնում են ԱՄՆ ՄԶԳ գրասենյակից:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը:
Ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ալելոն՝ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կայուն և անկախ Հաշվեքննիչ պալատը կարող է վճռորոշ դեր խաղալ պետական հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման գործում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է Հայաստանի հաստատություններին աջակցելու իր հանձնառությանը և նպատակ ունի նպաստել դրանց արդյունավետության բարձրացմանը` հանուն հանրային շահի։