Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկում է որպես սաբոտաժային քայլ ՝ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

«Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են․ «Ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»:

Ասվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն