«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երևանի թիվ 185 հիմնական և 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Տնօրենների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարևոր է հասնել այն նպատակին, որ սովորութային նորմերը իրավական նորմերից ուժեղ չգտնվեն. աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու և հակահասարակական այլ երևույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները։

Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։

Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց ոստիկան-դպրոց համագործակցությունը։ «Սերտ համագործակցում ենք ոստիկանության աշխատակիցների հետ: Նրանք հաճախ գալիս են դպրոց, հետաքրքվում են։ Բարեբախտաբար, լուրջ խնդիրների հետ չենք առնչվել։ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ մեզ այցելել են, հանդիպում է եղել աշակերտների հետ: Ընկերաբար զրուցել են, որ վտանգներից հեռու մնան։ Իմ պաշտոնավարման չորս տարիների ընթացքում «Վերջին զանգի» կամ ավարտական երեկույթի ժամանակ չի եղել որևէ խնդիր կամ միջադեպ: Իհարկե, դա նաև մեր իրավապահների շնորհիվ է»։

Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։

Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ գործողությունների կարգը մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել է:

«Նախապես հանդիպումներ ենք անցկացնում մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ, համաձայնեցնում ենք մեր գործողությունները: Կարևոր է, որ ծնողներն իրենց հերթին նաև գիտակցեն, որ դեռևս գործ ունեն երեխաների հետ, և պետք չէ տրանսպորտային միջոցը տրամադրել նրանց կամ թույլ տալ, որպեսզի անչափահասը ալկոհոլ օգտագործի կամ չարաշահի այն»։

«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում իրավապահների խնդիրն է մանկավարժների և ծնողների հետ համագործակցված ապահովել աշակերտների անվտանգ օրը, որ չխաթարվի տոնական տրամադրությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն