Հաղպատի հատվածում ճանապարհը հնարավոր է օգտագործել. Սանոսյան
Ուրախությամբ պետք է արձանագրել, որ նորից ջրի մակարդակի նվազում ունենք, և մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել: Դա հնարավորություն է տալիս ակտիվորեն աշխատել նաև այլ ուղղություններով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև ուրախությամբ փաստեց, որ գիշերը կարողացել են համապատասխան տեխնիկա հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մի շարք բնակավայրեր մեկուսացված են երկու կամրջի փլուզման հետևանքով:
«Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղ երեկ կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջն անցկացնել: Հիմա այդ ճանապարհին տեխնիկաներն աշխատում են, շեբենապատում ենք մոտ 5,5 կմ ճանապարհը: Փորձում ենք այդ ճանապարհն անցողունակ դարձնել, որպեսզի մինչև կամուրջների հետ կապված հարցերը լուծելը այդ բնակավայրերը կարիքներ չունենան:
Նաև մենք աշխատել ենք գործընկերների հետ, եթե անհրաժեշտ լինի ուղղաթիռային որևէ կապ հաստատել կամ սնունդ, անհրաժեշտ միջոցներ տեղափոխել, դա էլ կարող ենք իրականացնել:
Մյուս բանը, որ մեզ այսօր ուրախացրեց, այն էր, որ Հաղպատի հատվածում ճանապարհն այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել: Դա նշանակում է, որ Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերը, որոնք կապից կտրված էին, կարող ենք այդ կապը օգտագործել: Հիմա նաև իրականացվում են աշխատանքներ Շնողից Ախթալա հատվածում»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց՝ քանի որ գետի մակարդակն իջել է, ՓԾ գործընկերները կարողանում են բակերում եղած ջուրը պոմպերով մղել դեպի գետ: