ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ համակարգող խորհրդի 3-րդ նիստին։

Համակարգող խորհրդի նպատակն էր ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողությունները։

Նիստին իր ելույթում Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ծառայության պետը, ի թիվս այլնի, անդրադարձել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարիքները գնահատելու համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման նոր գործիքին, որը փորձարկվել է չորս ՔԿՀ-ներում։

Բացի այդ՝ Ամբակում Գրիգորյանը խոսել է «Վերասոցիալականացման ծրագրերի ներդրման և իրականացման կարիքների գնահատման զեկույցի» մասին, որում ներկայացված առաջարկությունների հիման վրա որոշում է կայացվել ԵԽ-ի աջակցությամբ «Սևան» ՔԿՀ-ի տարածքում ստեղծել փայտամշակման արհեստանոց՝ նպաստելով դատապարտյալների զբաղվածության ապահովմանն ու աշխատանքային նոր հմտությունների ձևավորմանը։

Ծառայության պետը ներկայացրել է նաև առաջարկություններ պատժի անհատական պլանների կազմման սկզբունքների և ուղեցույցների մշակման, ՔԿՀ-ներից որևէ մեկում ազատազրկված անձանց ողջամիտ զբաղվածության ապահովման նպատակով նոր կենտրոնների բացման, ինչպես նաև ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների գործունեության նոր մոդելի մշակման և ներդրման վերաբերյալ։

Համակարգող խորհրդի նիստին հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ ներկայացուցիչներ Տանյա Ռակուսիչ-Հաջիչը, Դիանա Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև շարունակական և սերտ համագործակցության համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն