Էդ ժամանակ իրական ցասումը կտենաք. Իշխան Սաղաթելյան
«Մեկ շաբաթ է՝ մեկ պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ մասին եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, մենք ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ մի ողբերգական փաստաթուղթը ընդունել եք»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց․ «Ասում եք՝ եկեք նոյեմբերի 9-ի փաստաթղթին չասենք կապիտույլացիայի փաստաթուղթ։ Ի՞նչ ասենք բա։ Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց կրակոցի թշնամուն եք հանձնել Քարվաճառի, Աղդամի, Զանգելանի տարբեր տարածքներ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն եք տվել 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 6 քաղաք, 187 գյուղ, 9400 ընտանիք՝ 38 000 քաղաքացի մնացել է անտուն։ Եկեք կապիտուլյացիայի փաստաթուղթ չասենք, ինչ ուզում եք ասենք, դրանից ոչինչ չի փոխվելու»։
Իշխան Սաղաթելյանը նաև հարցադրում արեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր տավուշցի պատգամավորն ինչո՞ւ է անընդհատ ասում՝ Տավուշում կան հողատարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք պատրաստում մեր հասարակությանը։ Չգաք հանկարծ մեկ-երկու ամիս հետո, կանգնեք այս ամբիոնի դիմաց, ասեք՝ մենք ժողորդից ստացել ենք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Էդ ժամանակ իրական ցասումը կտենաք»։