Ամփոփվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը:
2007 թվականից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող մրցութային ծրագրի նպատակն է ապահովել կրթամշակութային հաստատությունների համաչափ զարգացումը, բարելավել կրթության որակը, բացահայտել ու խրախուսել օժտված և տաղանդավոր երեխաներին, նպաստել երաժշտական ու արվեստի դպրոցների գործունեության արդյունավետությանը:
11 անվանակարգում առաջին տեղում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն է, երկրորդը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն է, երրորդ հորիզոնականում՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական, չորրորդ և հինգերորդ տեղերում՝ Հ. Դանիելյանի անվան արվեստի և Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներն են:
Շնորհավորելով դպրոցներին և շնորհակալություն հայտնելով մանկավարժներին իրենց նվիրված աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ մշակութային նախաձեռնությունները համայնքի կողմից լինելու են շարունակական:
Հոբելյանական տարում բեմում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաների հավաքական երգչախումբն էր՝ խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարությամբ: Պատանիները կատարեցին քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Կոմիտասական» կոթողային խմբերգաշար-սյուիտը:
Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը մշակել, ներդաշնակել և գործիքավորել է Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ շուրջ 30 խմբերգերը, պատրաստել խմբերգաշար-սյուիտ՝ մանկապատանեկան երգչախմբերի համար: Սա առաջին նման փորձն է հայկական խմբերգային արվեստում:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ պատրաստ է նաև «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի գիրքը: Շնորհանդեսը երեկոյի ընթացքում էր: Գրքում զետեղված են «Կոմիտասական» խմբերգաշարի կլավիրը, ձայնաբաժինները և պարտիտուրը: Գիրքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի և Սփյուռքի հայ գաղթօջախների մանկապատանեկան երգչախմբերին: