Կասեք ո՞րն է ձեր ֆինանսական հաջողության գաղտնիքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«ԿԸՀ-ին ներկայացրել ենք գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Պիտի խոստովանեմ, որ ձեր հայտարարագիրը այս գումարման խորհրդարանում ամենատպավորիչներից մեկն է։ Մասնավորապես, դուք հայտարարագրել եք բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան Դեմիրճյան փողոցի վրա, ավտոկայանատեղիներ, բնակելի տուն եւ հողամաս Վահագնի թաղամասում, մի շարք տրանսպորտային միջոցներ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք եւ ահագին դրամական միջոցներ։ Երբ ԱԺ կայքում կարդում ենք ձեր կենսագրությունը, տեսնում ենք, որ 1997-2018 թվականը դուք եղել եք պետական ծառայության մեջ, կարճ ժամանակ եք աշխատել մասնավորում։ Կասեք ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»,- հարցրեց Խանդանյանը։
Վահե Հակոբյանն ասաց, որ Խանդանյանի նշած բնակարանները գնվել են վարկով. «Երբ ես լքեցի պետական ծառայությունը, սկզբից պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել, հետո դարձա թիմի անդամ։ Հայտարարագրում ինչ կա, դա է։ Ձեր նշած երկու բնակարանները 100 տոկոսանոց վարկ են, Իսպանիայի տունը նույնպես 80 տոկոսանոց վարկով ձեռք բերված գույք է։ Ուժային համակարգը 3 տարի է՝ փորձում է ինչ-որ բան գտնել , հայտարարագրերից դուրս ինչ գտնեք, ձերն ա»։