Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են կամավոր վերադարձի ինստիտուտի զարգացման հնարավորությունները
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվեց այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցերին։
Նույն օրը ծառայության պետն ընդունեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներքին անվտանգության հարցերով կցորդ Օլիվիե Լեֆեվրին։ Արմեն Ղազարյանը նախ ներկայացրեց Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր ձևավորված համակարգը, ինչպես նաև բարեփոխումների ներկա ընթացքը։
Քննարկվեցին միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը, հնարավոր զարգացման ուղիները։
Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն պայմանագրի իրականացման դրական արդյունքները՝ կողմերը անդրադարձան ՀՀ-ից երրորդ երկրների քաղաքացիների կամավոր վերադարձի ոլորտում ֆրանսիական փորձի հնարավոր կիրառությանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցն ընդգրկել համատեղ իրականացվելիք առաջիկա ծրագրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։