Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:         

Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթևեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթևեկությանը ներկայացվող պահանջները  խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ։ Ըստ հիմնավորման՝ վերջին շրջանում Հայաստանում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել ինքնագլորների՝ չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը։

Ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տրվել է այդ միջոցի հասկացությունը, ըստ որի այն մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար: Նախագծով սահմանվել են այդ միջոցների երթևեկությանը ներկայացվող, մասնավորապես, հետևյալ պահանջները՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից տեղաշարժման միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝ հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է:

Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։ Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։

Արգելվում է անհատական  շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ  բեռ (բացառությամբ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող): «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, մասնավորապես՝  ինքնագլորների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն  առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից տեղաշարժման այդ միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով և այլն:

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, խոսքը բնավ չի գնում ինքնագլորի կանոնները խախտելու դեպքում անպայմանորեն պատասխանատվության ենթարկելու մասին. «Այստեղ շատ կարևոր է ձևավորել այնպիսի մշակույթ, որը թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այսպիսի միջոցների տարածվածությունը և նաև այն հանգամանքը, թե ովքեր են հիմնականում դրանց շահառուները»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերի իրականացումը՝ առկա խնդիրները հաղթահարելու նպատակով: «Կարծում եմ՝ նաև կարևոր է,  որ նման օրենսդրական նախագծերը, իհարկե խորհրդարանում կքննարկվեն, բայց  նաև լայն հանրային քննարկում անցնեն, որովհետև շահառուների խմբեր կան, որոնք առնչվում են այս խնդրի հետ», -ասել է վարչապետը:

Թեմայի առնչությամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հաջորդ փուլում կամ մոտակա ժամանակներում կազմակերպիչների համար ձևակերպել նաև ապահովագրության հարց, քանի որ այն երրորդ անձանց վնասների պատճառման աղբյուր է հանդիսանում. «Առնվազն այդ տրամաբանության մեջ որևէ խնդիր չկա, որ  այդ վճարը մտնի և կազմակերպվի, ընդ որում՝ կազմակերպիչները նույնականացված են այդ ծառայության մեջ: Դա նաև կբերի նրան, որ կազմակերպիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի: Իրենք կսկսեն կարգավորել և դնել կանոններ, որոնք հնարավորություն կտան բացառել դեպքերը, այդ թվում՝  երրորդ անձանց վնասներ հասցնելու»:   

Արձագանքելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ապահովագրությանը նախատեսվում է անդրադառնալ երկրորդ փուլում. «Նախնական պետք է մտնենք դաշտ, փորձենք մշակույթը ձևավորել, այնուհետև նոր այլ լրացուցիչ զսպող մեխանիզմներ նախատեսել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն