Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը և այլք։

Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։ Բանախոսները, մասնավորապես՝ ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը․ անդրադարձ է կատարվել նաև անչափահասների վերասոցիալականացմանն առնչվող մի շարք հարցերի։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախատեսվող բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է միջոլորտային համագործակցությամբ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև անչափահասների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների դերը։

«Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի շուրջ տարվող գործընթացներն անմիջական դերակատարների մասնակցությամբ քննարկվում և վերլուծվում են նաև Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստերի շրջանակում։ Այն բոլոր մասնակից գերատեսչություններին հնարավորություն է տալիս ավելի տեսանելի դարձնել երեխաների պաշտպանության համակարգում առկա խնդիրները, իսկ բռնության կանխարգելման և արագ արձագանքման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից ստեղծվել է նաև օպերատիվ շտապ, որը բոլոր 10 մարզերի հետ ունեցել է բռնության կամ դրա ռիսկի առավել բարդ դեպքերի վերաբերյալ քննարկումներ»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է նաև մշակման փուլում գտնվող Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագծի մասին և նշել, որ փաստաթուղթը հնարավորություն կստեղծի նպաստել երեխայի բոլոր իրավունքների իրացմանը, իսկ պատասխանատու գերատեսչությունների համար կլինի ուղեցույց առաջիկա տարիների համար՝ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Նիստի մյուս բանախոսները ևս կարևորել են անչափահասների նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ ջանքերի համատեղումն ու շարունակական աշխատանքների իրականացումը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն