Չեխիայի Հանրապետության եւ Լեհաստանի վարչապետերը շնորհավորական ուղերձներ են  հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների եւ ինստիտուտների հզորացմանը եւ պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին:

Ձերդ Գերազանցություն,

մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում եւ ակնկալում եմ հետագա համագործակցություն»: 

Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին շնորհավորական ուղերձում  նշված է.

«Հարգելի պարոն Վարչապետ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս եւ ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն ստանձնելու գործում:

Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարեւոր է խաղաղության պահպանումը, ինչպես նաեւ Ձեր կառավարության կողմից նախաձեռնված ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորությունը: Այդ գործընթացում էական է ընդգծել Եվրոպական միության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը՝ հիմնվելով ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի վրա: Այս գործիքակազմերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես եվրոպական հանրության՝ որպես ամբողջական ուժի, այնպես էլ առանձին ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Լեհաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության եւ համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ եւ ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաեւ ակնկալում եմ մեր հանդիպումը հարմար ժամկետում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն