Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի. դատախազություն
Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում` այդ թվում փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:
Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև հետևողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։
Արդյունքում, 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել:
Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:
Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 միլիարդ դրամ: