Հայաստանը դեռ չի կողմնորոշվել ատոմակայանի նոր էներգաբլոկի մոդելի հարցում։ Բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են
Հայաստանը դեռ չի կողմնորոշվել ատոմակայանի նոր էներգաբլոկի մոդելի հարցում։ Բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, և, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են։ «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը», - DW-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները (SMRs), որոնք նաև հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ մասնագիտական և քաղաքական բանավեճի թեմա են: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ Այդ մասին գրում է DW-ի սյունակագիր Արշալույս Մղդեսյանը։
«Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, երբ նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»,- ասել է Վարդանյանը։ Կառավարությունը, նրա խոսքով, հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում նման տիպի գործող ատոմակայաններ չկան։
ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել. «Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, պետք է ավանդական տեխնոլոգիաներով 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ատոմակայան կառուցենք, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- նշել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի կեսերը վերջնական որոշում կայացնել ռեակտորի մոդելի և մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ։
Ներկայումս երկրի էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են երեք հզորություններ՝ հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակին 4%-ից մի փոքր ավելի։