Կալանավորվածը բռունցքով բազմաթիվ հարվածներով կյանքից զրկել է մյուս կալանավորվածին. Քրեակատարողական ծառայություն
2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։ Այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։
Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի հուլիսի 09-ին ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ եւ հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին եւ տեղեկացնում, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։