Դատական համակարգը բարոյալքվել է եւ գտնվում է գաղափարական վակուումի մեջ. փաստաբան
Վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական դատավարությունները ուղղակի եւ անուղղակի ձեւով սկսել են ազդել դատավորների վարքագծի վրա, նկատվում է քողարկված սաբոտաժի զանգվածային դեպքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սրան է գումարվում ԲԴԽ տեռորը։ Դատական իշխանությունը ենթարկեցնելու առաքելությունը ստանձնել է ԲԴԽ-ն։ Ըստ էության, այս մարմինը շեղվել է իր ուղեծրից եւ վերածվել է քաղաքական հիմնարկի։
Արդյունքում մենք ունենք կալանավորման կանխավարկածով նախաքննություն, պետականապաշտ վարչական դատարան եւ վախվորած քաղաքացիական եւ սնանկության գործեր քննող դատավորներ։ Իրավիճակը համատեղելի չէ իրեն ժողովրդավարական հռչակած պետության համար։ Այսպիսի մակարդակի կախվածություն ունեցող դատարան մենք չենք ունեցել երբեք, վստահաբար, երբեք։ Գործի նյութերին ծանոթանալու փոխարեն դատավորները փորձում են հասկանալ ու՞մ գործն են քննում, արդյո՞ք դա չի հանգեցնելու անբարենպաստ հետեւանքների։
Այս ամենի դեմ պայքարում են երկու տասնյակը չգերազանցող դատավորներ, ովքեր չեն թողնում, որ դատական իշխանությունը ենթարկվի տոտալ կապիտուլյացիայի։
Այս ամենի ֆոնին նկատվում է նաեւ փաստաբանի դերի նվազում, քանի որ մարդիկ սկսում են հասկանալ, որ խնդրի լուծումը ոչ թե դատական պաշտպանության ռեսուրսի օգտագործմամբ խնդրի լուծումն է, այլ այն մարդուն գտնելու, ով կարող է զանգահարել դատավորին։ Աճել են նաեւ զանգովի բեկանված դատական ակտերը, անգամ ոչ զգայուն գործերով։ Սա նշանակում է, որ տասնամյակների աշխատանքը ջուրն է նետվել եւ մենք մոտեցել ենք զրոյին»։