Աղբահանության գործընթացի բարելավումը հանդիսանում է Հայաստանի կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկը
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մասով նախատեսված համաֆինանսավորման գումարներից կատարել փոխանցումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար որպես պատվիրատու հանդիսացող՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի իրականացման շրջանակներում իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող հարկերի և այլ վճարների իրականացման նպատակով։
Ծրագրի բնականոն ընթացք ապահովելու, այդ թվում՝ երկու մարզի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ մեքենամեխանիզացիայի կիրառմամբ աղբահանության ինտեգրված համակարգի ներդրումն ապահովելու նպատակով որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակներում ներկրվող մեքենամեխանիզացիայի ու գույքի համար նախատեսվող մաքսային վճարները իրականացնելու նպատակով թույլատրել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման միջոցներից փոխանցել Ծրագրի ընկերությանը՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։
Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի բնականոն ընթացքը և ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում բարելավել աղբահանության համակարգը և շահագործման հանձնել ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցված հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը Հրազդան քաղաքում և 2 փոխաբեռնման կայանները Մարտունի և Ակունք բնակավայրերում, ինչպես նաև երկու մարզերում ներդնել Եմ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգ, այդ թվում՝ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա, աղբատար մեքենաներ և աղբամաններ: