Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել
Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:
Վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2-ի նկատմամբ վարչական հսկողությունը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: