Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրում է.

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Նավասարդն էր՝ նախկին հայերի նոր տարին։ Ի նշանավորումն նախկին հայերի նահապետ Հայկի հաղթանակի մեծ ոսոխ Բելի նկատմամբ՝ Հայոց Ձորի վճռական ճակամարտում։

Հիմա արդեն պարզ է, որ Հայկը շատ իզուր է ճակատամարտ տվել Բելին և կյանքը վտանգելով՝ նետահարել նրան։ Փոխարենը կարող էր կռիվ ուղարկել բոլոր հայրենասերներին, ուտեր նրանց գլուխը, ինքն ու իր ազգուտակն էլ նետ ու աղեղով մարտական սելֆիներ անեին Վանա լճի ափին, վերջում էլ բոլոր ողջ մնացած նախկին հայերին հավաքեր իրար գլուխ ու հայտարարեր, որ թեպետ ինքն է թիվ մեկ պատասխանատուն, սակայն թիվ մեկ մեղավորը իհարկե Նոյ նահապետն է, որը թալանել է ժողովրդին՝ տապանի շինարարության մրցույթը իրեն ու իր ընտանիքին պատկանող ֆիրմային հանձնելով, զենքի փոխարեն ամեն տեսակ անասուն գնելով, ու առհասարակ՝ մեր պարտությունը կանխորոշված էր դեռևս տապանը կառուցելուց առաջ։ Հետո պիտի հայտարարեր Նահապետի արտահերթ ընտրություններ, ողջ մնացած նախկին հայերին բաժաներ պարտքով Եգիպտոսի փարավոնից գնված ալյուր ու ձեթ, ասֆալտապատեր Վան-Աղձնիք շոսսեն, և իհարկե, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, խոնարհվեր բոլոր զոհերի հիշատակին։

Այ էդպես պիտի վարվեր նախկին հայերի նահապետ, Թորգոմի որդի Հայկը։ Ու էդ դեպքում հաստատ մինչև հիմա իրեն ողջ ժողովուրդը մեծ ջերմությամբ կհիշեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն