Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին․ ռազմաքաղաքական վերլուծաբան
Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե կոնկրետ ի՞նչ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը և ի՞նչ բնույթի բարեփոխումների մասին է խոսքը, Մհեր Հակոբյանը պարզաբանեց, որ ենթադրաբար այդ բարեփոխումներն ուղղված կլինեն ինչպես կառավարման բարելավմանը, օդային գերակայության ապահովմանը, այնպես էլ այլ ոլորտների արդիականացմանը:
Բացի այդ, Ռուսաստանն, ըստ ամենայնի, կօգնի Հայաստանին վերականգնել նախորդ տարվա պատերազմում կրած ռազմատեխնիկական կորուստները:
«2021 թվականի երկրորդ կեսի զարգացումներից հասկանում ենք, որ համաշխարհային սահմանների ոչ ֆորմալ բաժանմամբ Արևմուտքը, այնուհանդերձ, Հայաստանը թողեց Ռուսաստանին: Այս պայմաններում Ռուսաստանը մեր երկիրն ընկալում է որպես իր ազդեցության լուրջ գոտի՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի իշխող ուժը: Եվ սրանից ելնելով արդեն խնդիր է դրվում արդիականացնելու հայկական բանակը», - նշեց Հակոբյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ հայկական բանակը մինչ այժմ մեծ հաշվով եղել է «խորհրդային տիպի լավ բանակ»: «Իհարկե, որոշ նոր տարրեր կային: Օրինակ՝ օդային կառավարում, կապի միջոցներ: Բայց սկզբունքորեն հայկական բանակն իր հիմնական ողնաշարով խորհրդային տիպի էր»,- նշեց նա:
Սակայն այժմ, ըստ Մհեր Հակոբյանի, Ռուսաստանի զինված ուժերը, համաշխարհային զարգացումներին հնարավորինս համահունչ, փորձում է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, և այս համատեքստում բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանի զինված ուժերում:
«Ենթադրվում է, որ փորձ է արվելու ամենից առաջ հայկական բանակը հասցնել գոնե ռուսական բանակի մակարդակին՝ ներառյալ կառավարումը, օդային գերակայությունը, և այլն, և այլն: Բացի այդ, ինձ թվում է՝ Ռուսաստանը բավական լրջորեն կվերականգնի վերջին պատերազմում մեր կրած տեխնիկական կորուստները: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է առաջին հերթին իր շահերի համատեքստում, բայց այդ պրոցեսը օգտակար կլինի նաև Հայաստանի համար», - մեկնաբանեց վերլուծաբանը:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն ու իրականացվող բարեփոխումներին: