Կարևոր է, որ պատկան մարմինները անեն ամեն բան, որպեսզի վերանայվի այս անարդար ու սխալ որոշումը․ Ռոման Մուրադյան
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի:
«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասում էր Արթուր Ալեքսանյանը:
Ալեքսանյանի հետ կապված տեղի ունեցած անարդարության մասով զրուցել ենք Մուրդայան հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Ռոման Մուրադյանի հետ․« Ես չեմ տիրապետում մրցաշարը գնահատող մրցավարների գիտելիքներին, սակայն զրուցել եմ աշխարի տարբեր երկրներում գործունեություն ծավալող մրցավարների հետ և նրանք դիտելով գոտեմարտի կադրերը հստակ ու միանշանակ պնդել են, որ իր պահանջում Արթուր Ալեքսանյանը իրավացի ու արդար է։ Մրցավարի գնահատականը արդարացի չի եղել։ Ըստ ոլորտի փորձառու մրցավարների հանձնաժողովը և գոտեմարտը վարող մրցավարը սխալ են գնահատել և ակնհայտ է անարդարացի վերաբերմունքը։ Այստեղ կարևոր է, որպեսզի պատկան մարմինները հետևողական լինեն ու անեն ամեն բան, որպեսզի վերանայվի այս անարդար ու սխալ որոշումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը։