«Ադրբեջանական ուժերի մտնելն ու դուրս գալը մեկ եղավ, չթողեցինք, որ մնան, քշեցինք։ Եթե սաղ տեղերում ըտենց անենք…»
Կառավարությունը մայիսի 27-ի նիստում որոշում էր ընդունել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը ՀՀ սեփականություն հանդիսացող այլ հողամասի հետ միասին անհատույց օգտագործման իրավունքով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը հատկացնելու մասին։
Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց համայնքի վարչական տարածքում ՌԴ սահմանապահ զորքեր կան, նրանց են հատկացնելու տարածքը։
«Մեծ տարածքի մասին չէ խոսքը, այս պահին գյուղի վարչական տարածքում սահմանապահ զորքեր կան կանգնած։ Որպեսզի այդ ամենն օրինականացվի, ժամանակավոր օգտագործման իրավունքով հողհատակցում է արվում, որպեսզի այդ մարդիկ իրենց ծառայությունն իրականացնեն։ Մոդուլային կոնստրուկցիաներով կառույց են ունենալու։ ՌԴ սահմանապահ ծառայությունը մեր համայնք է եկել այն ժամանակ, երբ դեռ պատերազմը վերջացած չէր։ Իրենք գրությամբ դիմել են ինձ, ժամանակավոր օգտագործման իրավունքով հողահատկացման համար, ավագանին հաստատել է, հետո կառավարությունն է հաստատել»,- ասաց Ներսես Շադունցը։
Նա նշեց, որ Տեղ համայնքի վարչական տարածքի սահմանին իրավիճակը հանգիստ է։ Իրավիճակը վերջին օրերին սրվել էր հատկապես Խոզնավար գյուղի ուղղությամբ։ «Բոլոր տեղերում էլ կան ադրբեջանական ուժեր, բայց Խոզնավարի տարածք ադրբեջանական ուժերի մտնելն ու դուրս գալը մեկ եղավ, չթողեցինք, որ մնան, քշեցինք։ Եթե սաղ տեղերում ըտենց անենք, ադրբեջանցիները չեն համարձակվի մոտենալ»,- ասաց նա։
Անդրադառնալով Խոզնավարից մինչև Սոթք միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Շադունցն ասաց․ «Ես մի բան կարող եմ ասել՝ քո տնամերձը, քո այգին դու պիտի պահես, եթե տվեցիր հարևանին, լավ չի պահի։ Մի օր վեր ես կենալու, տեսնես միջազգային դիտորդն ուրիշ որոշում է կայացրել, ի՞նչ ես անելու։ Մեզնից լավ մեր հողը ոչ մեկ չի պահելու։ Մենք առաջին հերթին պետք է զբաղվենք մեր սահմանների ամրացմամբ, մեր բանակի համալրմամբ ու ուժեղացմամբ, սպառազինության հարցերով պետք է զբաղվենք։ Պետք է ուժեղանանք ամեն մեկն իր բնագավառում, որ անվտանգային հարցերը լուծենք»։