Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր հայրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության ու դավաճանության համար, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները, սպառում է մեր ապրելու հույսը․ այս մասին այսօր Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կազմակերպված հիշատակի միջոցառմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, թե ինչպես 103 տարի առաջ Ցեղասպանությունից փրկված, որբերով լցված երկրի ժողովուրդն ուղղեց իր մեջքն ու ոչ միայն փրկվեց, այլև պետություն ստեղծեց։

«Անընդհատ առաջ շարժվող բանակը սպառնում էրվերջնականապես ջնջել մեզ, մեր 5000-ամյա պատմությունը, սպառնում էին ավարտին հասցնել Ցեղասպանության հրեշավոր ծրագիրը, բայց հայ ժողովուրդը չհանձնվեց, որովհետև կային ազատատենչ և հայրենանվեր ղեկավարներ, որոնք չխնայեցին իրենց, իրենց որդիներին, իրենց կյանքը և օրինակ դարձան ժողովրդի համար։

Մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, թշնամին ավելի նենգ չէր, հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց՝ այժմ փորձում են սպանել մեզ ու մեր երազանքները, սակայն հայ ազգը չի մահացել։

«Ինչպես սեպտեմբերի 27-ին բոլորս հավաքվեցինք, երդվեցինք ու գնացինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ Արամի արձանի մոտ պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին։ Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հավաքվենք, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից։ Միասին կառուցելու ենք արամների Հայաստանը»,-ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն