Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել է. կա զոհ եւ տուժածներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) եւ բռնկվել. ուղեւոր Մ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը եւ մյուս ուղեւոր Ա․ Թ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։21-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է ավտոմեքենան եւ մոտակայքում մոտ 1000 քմ բուսածածկույթ: